Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
21.10.2011 | 00:00

(սկիզբը` թիվ 57, 58, 63, 65-ում)

Իմ ամբողջ շարադրանքում ես գիտակցաբար ձգտում եմ հնարավորինս հեռու մնալ մեր երկրի քաղաքական դաշտից և տեղի ունեցող գործընթացներից` մեկ հիմնական պատճառով.
l մեր հասարակությունն առանց այդ էլ անթույլատրելիորեն խիստ քաղաքականացված է, ինչը, իհարկե, կնվազի մեր պետության զարգացմանը և, մասնավորապես, պետական ու հասարակական կառույցների փոխգործակցության ամրապնդմանը զուգընթաց,
l տարածված այն կարծիքը, թե մեր բոլոր դժվարությունները գերակշիռ մեծամասնությամբ ծագում են երկրի քաղաքական դաշտից, ծայրաստիճան սխալ է և առավելապես ոչ այլ ինչ, եթե ոչ մեր խորհրդային երեկվա իներցիոն ժառանգություն։
Եվ միայն այստեղ ու միայն սկսածս միտքն ավարտին հասցնելու համար եմ ինձ թույլ տալիս հպանցիկ անդրադառնալ այդ քաղաքական դաշտին։ Պատմաբան չեմ, ուստի կանխավ ներողամտություն եմ հայցում ասելիքիս սխեմատիկության համար։
Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում քաղաքական պայքարի տարատեսակ եղանակների մի ամբողջ զինանոց է կուտակել։ Մինչդեռ քաղաքական պայքարում հետապնդվող նպատակների տեսակները մատների վրա կարելի է հաշվել։ Քաղաքական մշակույթի քաջ հայտնի և հետազոտված «պաշարի» հիմքի վրա կարելի է անել երեք, իմ կարծիքով, դժվար վիճարկելի հետևություն.
l թեև այն (քաղաքական մշակույթը), անվիճելիորեն, օգտակար շատ բան է տվել մարդկությանը, միաժամանակ եղել է նաև «արյունալի»,
l մենք այսօր արդեն չենք կարող «յոլա գնալ» առանց մարդկային քաղաքակրթության այդ բաղադրիչի,
l ինչպիսիք էլ լինեն քաղաքական գործընթացի շարժառիթներն ու նպատակները, Էվոլյուցիայի օրինաչափություններն ու մեխանիզմները, ի վերջո, ապացուցել են իրենց գերակայությունը։
Միայն վերջին հետևության առնչությամբ հակիրճ պարզաբանում տամ. քաղաքական ժառանգության այնպիսի դրսևորումների պարագայում, ինչպիսիք են «ռեակցիան», «ռևանշիզմը», «ռեստավրացիան», «կայսրության ցանկացած ձևին վերադարձը», «համաշխարհային հեղափոխությունը» և այլն, ամեն ինչ ավելի քան պարզ է։ Բայց այն դեպքում էլ, երբ քաղաքական գործընթացները, զարգացման վեկտորների «մրրկահավ» լինելով ամբողջ մարդկության համար, խիստ առաջ են անցել ժամանակից ու էվոլյուցիոն զարգացման օրինաչափություններից, դրանք, ավաղ, դարձյալ ավարտվել են «մեծ արյունով» և նշված գերակայության սահմանափակմամբ։ Որպես օրինակներ միայն` թվարկեմ հանրահայտ մի քանի պատմական իրադարձություններ. Սպարտակի ապստամբությունը, Լիոնի ջուլհակների ապստամբությունը, Բաստիլի գրավումը, Կրոմվելի հեղափոխությունը, Վայմարի Հանրապետությունը, Իսպանիայի Հանրապետությունը (անցած դարի 30-ական թթ.), Պրահայի ապստամբությունն ու նաև մեր օրերի իրադարձությունները։
Հիմա, հաջորդ մտքի պարզության համար, կցանկանայի հիշեցնել երկու հանգամանք, որոնց մասին մենք արդեն խոսել ենք։
Նախ, որոշակի պատմական գործընթացների պատճառով մենք` հայերս, կտրված ենք եղել մեր քաղաքակրթական միջավայրից, ուստի, պատկերավոր ասած, «մեծ կեռման տալով», միայն այսօր ենք փորձում առաջանցիկ տեմպերով վերադառնալ մեր բնական «հունը»։ Բայց միաժամանակ, մենք շատերի հետ մեկտեղ այդ «կեռմանն» անցել ենք թեև դժվարությամբ, բայց օգտակար գործողության բնավ ոչ փոքր գործակցով։ Մենք այս ժամանակաշրջանում էլ շատ պատկառելի ու հանրահայտ «պաշար» ունենք։
Երկրորդ, համեմատելով զարգացման ժամանակային երեք հատվածները` «եվրոպականը», «ամերիկյանն» ու «մերը», տրվել են նաև որոշ ժամանակային գնահատականներ։
Այս երկու դիտարկման և մտահանգման հիմքի վրա, կարծում եմ, կարելի է հետևեցնել, որ մեր զարգացման յուրաքանչյուր տարին` որոշակի մեխանիզմների ու գործելակերպի յուրացման, մեր առջև ծառացած խնդիրների վերլուծության, դրանց իրագործման և, վերջապես, մեր հետագա զարգացման «ուղեգծի» կանխատեսման ծավալի առումով, հավասար է «ամերիկյան» զարգացման 5-7 տարվան և «եվրոպականի» 15-20 տարվան։
Առաջանում է միանգամայն բնական հարց` ինչպե՞ս գլուխ հանել այդ «գորդյան հանգույցից»։ Անցած դարի 50-60-ականներին սկիզբ առած «անկախության շքերթի» նոր ալիքի երկրներից յուրաքանչյուրը (ներառյալ նախկին «սոցճամբարի» երկրները) փորձում էր յուրովի լուծել այդ խնդիրը։ Այդ փորձերը ձեզ բոլորիդ քաջ հայտնի են։ Ասեմ միայն, որ Ալեքսանդր Մակեդոնացու «մեթոդի» կիրառման գայթակղությունն այնքան մեծ էր, որ շատերը պարզապես չդիմացան և ցանկացան որևէ կերպ փորձել մեծ զորավարի «սաղավարտը»։ Մինչդեռ կա զարգացման միայն մեկ բնական ու արդյունավետ ուղի, որ համապատասխանում է համաքաղաքակրթական գործընթացների և էվոլյուցիայի օրինաչափություններին։ Մենք բոլորս պետք է ավելի ու ավելի բարձրացնենք ներազգային շփման, երկխոսության և բանավեճի լեզվի և առարկայի նշաձողը, իսկ դրա համար արդեն պետք է նորանոր գաղափարներով էապես մեծացնենք իշխանության սնուցումը` նշաձողի վերոհիշյալ մակարդակին համապատասխան։ Կոռեկտ ու ժամանակին ձևակերպված գաղափարը, որը դժվար է վիճարկել, միշտ եղել է սեփական նպատակներին հասնելու և սեփական իդեալներին մոտենալու լավագույն միջոց։
Հավատացնում եմ, մեզ տրված ուղին, այսպես թե այնպես, մենք կանցնենք, ինչպես բոլորն են անցել։ Բայց թե ինչքան այն անցավ կլինի, մեծապես կախված է հենց մեզնից։
Սույն հոդվածում անդրադառնալու մեկ թեմա է մնացել միայն։ Խոսքն այն գործոնների մասին է, որոնք արգելակում են մեր արդյունավետ և առաջանցիկ զարգացումը։ Մեկ գործոնի և, անշուշտ, կարևոր գործոնի կցանկանայի առանձնակի ուշադրությամբ անդրադառնալ։
Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ փորձեր են արվել պետությունում առկա սոցիալական լարվածությունը թուլացնել բաշխման այս կամ այն եղանակի արմատավորմամբ։ Մարդկությունը, գուցե և դարերի տառապանքի գնով, գտել է այդ խնդրի տանելի և երկարաժամկետ լուծման միայն մեկ եղանակ` «հնարավորությունների մենաշնորհազերծում» (Ն. Էլիաս)։ Պետք է ձգտել հնարավորինս շատ մարդ ներգրավել արտադրության և գործարարության ոլորտ։ Զարգացած երկրները «բնամթերային» և «փոխանակային» տնտեսավարումից հասել են այնտեղ, որ հանրության գրեթե 70-80 տոկոսը ուղղակիորեն կամ միջնորդավորված ձևով ներգրավված է ապրանքարտադրության (ներառյալ սպասարկումը) ոլորտում։ Մեր ազգն արժանի համբավ է վայելում որպես նախաձեռնող, աշխատասեր, տաղանդավոր ժողովուրդ։ Սա ճիշտ է և անվիճելի։ Սակայն, որպեսզի մեր այդ լավ հատկանիշները լիովին ի հայտ գան և ծառայեն առավելապես մեր պետությանը, անհրաժեշտ են նաև համապատասխան պայմաններ կամ խաղի այնպիսի կանոններ, որոնք կոչված են նպաստելու մեր քաղաքացիների տնտեսական ակտիվության ապահովմանը։ Մեր բազմապիսի հոգսերով, մեզանում «աճախտի» վարակի առկայությամբ հանդերձ, ակնհայտ է, որ մենք քիչ բան չենք հասցրել անել նաև այդ ուղղությամբ. վերականգնում և զարգացնում ենք ենթակառուցվածքները, կառուցում նոր ճանապարհներ, ընդլայնում հաղորդուղիներ, յուրացնում տարանցման նոր մայրուղիներ, բարեփոխում ենք մաքսային և հարկային համակարգը, արդեն ունենք «Համահայկական բանկ», կարողանում ենք մեր բացերի մասին ավելի ու ավելի բաց խոսել և այսպես շարունակ։ Բայց անելիքներ դեռ կան ու կան։
Մեր ժողովրդի` դարերով մշակված բնութագրերի կողքին անհրաժեշտ են նաև որոշ նախադրյալներ։ Ասենք, մեր հասարակության մեջ արժեքների ճշգրտման կարգի։ Կան այդ նպատակին հասնելու տարբեր եղանակներ, որոնցից գլխավորն այսօր էլ հասարակության, լրատվամիջոցների և պետության ընդգծված ուշադրությունն է նրանց հանդեպ, ովքեր ուզում են և կարող են սովորել, զարգանալ, աշխատել, կերտել ու արարել։ Իսկ ավելի մեծ ուշադրության և միանգամայն բնական հովանավորության լավ կլիներ արժանացնել նրանց, ովքեր նույնն ուզում են անել այստեղ, մեր կողքին, մեզ հետ, հանուն մեր պայծառ ապագայի։ Մեծ դեր ունեն մեր լրատվամիջոցները` թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային, այդ թվում` հեռուստատեսային, որոնք այնքան են ծանրաբեռնված քաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներով, որ մարդը` իր իղձերով, հոգսերով ու պահանջմունքներով գրեթե տեղ չունի այդտեղ։ Եվ եթե մենք խոսում ենք մարդու մասին, ապա առավելապես անցկացնում ենք վերոհիշյալ գործընթացների պրիզմայի միջով։
Հայաստանի անկախ Հանրապետությունը կայացման սկզբնական փուլն արդեն անցել է։ Հիմա (կարծում եմ` առաջիկա երկու-երեք տարում) նոր խոշոր ձեռնարկումներ կլինեն, նոր առաջարկություններ` գործընկերության և ներդրումների, այսինքն` սևեռուն ուշադրություն մեր տնտեսության, առավելապես արդյունաբերության նկատմամբ։ Եվ դրան կնպաստի երեք գործոն.
l մեր երիտասարդ անկախության հասունության մակարդակը,
l մեզանում պատշաճ արտադրական մշակույթի և ավանդույթների առկայությունը, որոնք այսօր որոշակի հանգամանքների պատճառով ծանր վիճակում են, այնինչ աշխարհում դժվար է գտնել այնպիսի արտադրական տարածաշրջաններ ու երկրներ, ուր թափանցած չլինի, այսպես կոչված, «մեծ կապիտալը»,
l թող տարօրինակ չթվա` իր ալիքներով ամբողջ աշխարհն ընդգրկած տնտեսական ճգնաժամը։
Ընդհանուր առմամբ, մեզ համար այսօր շատ կարևոր և օրախնդիր է «մեծ կապիտալի» տնտեսական և ուժային կենտրոններում ստեղծված տարբեր իրավիճակներում այդ նույն կապիտալի ցուցաբերած վարքագծի վերլուծությունը։
Հակառակ ամեն կարգի հոռետեսների, որոնց պակաս միշտ էլ չի եղել, անգամ նրանց շրջանում, ովքեր դեռ երեկ պետական բարձր պաշտոններ էին զբաղեցնում, ուզում եմ ասել, որ մենք արդեն այսօր պետք է պատրաստվենք ներդրումների և մարդկային ռեսուրսների առումով լայնածավալ այդ փուլին։ Մենք պետք է արդեն այսօր ապրանքարտադրության ոլորտ ներգրավենք մեր հայրենակիցների ամենալայն շերտերը, այդ թվում` թոշակառուներին (առանձին թեմա է)։ Պետք է անցկացնենք մեր ամբողջ կարողության լիակատար հաշվառում (արտադրամիջոցներ, կադրեր և այլն) արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։ Պետք է ուժերի ներածին չափ օգնություն և ուշադրություն ցուցաբերենք բոլոր նրանց նկատմամբ, ում հաջողվել է փրկել, պահպանել ու զարգացնել մի բան, որն ի վիճակի է տալու հանրօգուտ արդյունք։ Տնտեսագետները հաճախ գործածում են մի այսպիսի հասկացություն` մարդկային կարողության զարգացման ցուցանիշ (ՄԿԶՑ)։
Այսպես, ուրեմն, եթե ամբողջ ասվածն ընդհանրացնենք մեկ արտահայտության մեջ, ապա պետք է շատ արագորեն բարձրացնենք ՄԿԶՑ-ի մակարդակը։ Միտք չունեմ վախեցնելու կամ յուղ լցնելու ուրիշի խարույկի վրա, այլ պարզապես իմ հաջորդ հետևությունը հիմնավորելու համար կուզենայի գլուխ հանել մի ենթադրությունից. ի՞նչ կպատահի, եթե մենք չկարողանանք պատշաճ մակարդակի բարձրացնել մեր քաղաքացիների տնտեսական ակտիվությունը և մեր տնտեսության ներդրումային գրավչությունը։ Մենք շատ ջանքեր ու միջոցներ ենք ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա, իսկ այն, ինչպես հայտնի է, շատ արագ է մաշվում ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես։ Ծեծված միտք է, իհարկե, բայց եթե մարդիկ այդ նորոգված ու նոր գցված ճանապարհներով ինտենսիվ ապրանքաշրջանառություն չկատարեն, բարձրացնելով իրենց ընտանիքների բարեկեցությունը, ուրեմն նաև մասհանումները գանձարանին, եթե մարդիկ տեղերում ավելի ու ավելի հաճախակի չօգտվեն, ասենք, ծննդատներից, եթե կարիք չունենան ավելացնելու տեղերի թիվը գյուղական մանկապարտեզներում և այլն, ապա ներդրված ջանքերի ու միջոցների օգտակար գործողության գործակիցը շատ փոքր կլինի։ Այստեղից էլ հետևում է, գոնե, որ մենք չենք ունենա նոր սեփական միջոցներ ենթակառուցվածքների հաջորդ արդիականացման համար։
Հաշվի առնելով ամբողջ ասվածն ու ակնարկվածը, կարելի է անել հետևյալ հստակ հետևությունը. մենք այլևս իրավունք չունենք հապաղելու աշխատասեր մարդու և արարող մարդու նկատմամբ առանձնահատուկ ուշադրության հարցում։ Ահա այս մարդկանց է, որ ես ամենայն հարգանքով ու համակրանքով «աշխատավոր մեղուներ» եմ անվանում։ Այս մարդկանց մեջ շատ են այնպիսիք, որոնցից կարելի է օրինակ վերցնել։ Նրանք ներկայացված են մարդկային գործունեության բոլոր բնագավառներում` արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից մինչև գիտություն։
Հանգստացնելու համար բոլոր «մեծ» հոռետեսներին, նշեմ (առանց անունների ու ֆիրմաների անվանումների) միայն մի քանիսին։ Ես խոսում եմ այն մարդու և նրա համախոհների մասին, ովքեր, հավատալով իրենց մեկտեղված ունակություններին, կարողացել են պահպանել ու զարգացնել իրենց գործարանը, իսկ այսօր արդեն դառնալ խոշորագույն գերմանական ֆիրմայի գործընկեր։ Ես խոսում եմ այն մարդու և նրա համախոհների մասին, որոնց հաջողվել է ապացուցել իրեն և մեզ բոլորիս, որ վերականգնված խորհրդային սարքավորումներով կարելի է բավականին լավ բիզնես անել։ Ես խոսում եմ այն մարդու և նրա համախոհների մասին, որոնց հաջողվել է պահպանել և լրջորեն զարգացնել անասնապահական տնտեսությունը, մինչդեռ մեկ կիլոգրամ համակցված կերն ու խոտը երեք-չորս անգամ ավելի թանկ էին հացահատիկի գնման գներից։ Ես խոսում եմ այն մարդու մասին, որը կարողացել է իրականություն դարձնել իր երազանքներից մեկը` ապացուցել իրեն և մեզ, որ մեր գյուղերն էլ կարող են նույնքան բարեկարգ լինել, որքան Ավստրիայինն ու, ասենք, Իտալիայինը։ Ես խոսում եմ իմ համակուրսեցիների մասին, որոնք առաջիններից մեկը համարձակվեցին (և չսխալվեցին) այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ընկերություն ստեղծել։ Ես խոսում եմ ընկերոջ մասին, որին հաջողվեց մեր «մարզային երիտասարդներից» գիտությանը պիտանի հետազոտողներ աճեցնել։ Այսքանն էլ, կարծում եմ, լրիվ բավարար է հոռետեսների ու անհավատների համար։
Անտեղյակներին կարող է թվալ, թե նվաճումների նրանց ուղին այնքան էլ դժվար չի եղել` նկատի ունենալով որոշ հանգամանքներ։ Սակայն, հավատացեք, հանգամանքները մեզանում շատ հաճախ փոխվել են պատկառելի ժամանակահատվածներ պահանջող նման ծրագրերի իրագործման համար։ Նրանցից ոմանց համար երբեմն շատ ու շատ դժվար է եղել, բայց նրանք տոկացել են շնորհիվ սեփական ունակությունների հանդեպ հավատի, իրավիճակը մի քանի քայլ առաջ գնահատելու կարողության, անձնվեր աշխատասիրության։
Այն բանի մեղավորը, որ նման մարդկանց թիվն այնքան էլ շատ չէ, որքան ցանկալի կլիներ, կարող են լինել միայն մեր «աճի որոշ հիվանդություններն» ու այն հանգամանքները, որոնցից պարտավոր ենք ազատվել հնարավորինս շուտ։
(շարունակելի)
Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ